Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, որոշում է ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ: Հաստատվել է նաև դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ Խումբը կղեկավարի ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.
1) նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.
2) նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.
3) նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.
4) ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.
5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.
6) բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.
7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը: