Կառավարությունը հաստատեց սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները

Կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստին որոշում ընդունեց ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին։

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը:

Iravaban.net-ը ներկայացնում է կարգն ու պայմանները՝ ըստ որոշման հավելվածի։

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները

1․ Սույն կարգով և պայմաններով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) անհատույց օգտագործման իրավունքով բնակարան (այսուհետ՝ ծառայողական բնակարան) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2․ Զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվում է Երևան քաղաքում, հատկացվող ծառայողական բնակարանները պետք է լինեն 75-ից մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, տիպային ձևով վերանորոգված և կահավորված վիճակում (այսուհետ՝ պատրաստի բնակարան): Սույն կետով սահմանված պայմաններին համապատասխանող պատրաստի բնակարանների ձեռք բերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Գնման հրավերի հիմնական պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3․ Ծառայողական բնակարանը զինծառայողին հատկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով՝ զինծառայողին սպայական պաշտոնի նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Զինծառայողին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակելու մասին հրամանի քաղվածքը, հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

4․ Սույն կարգի 3-րդ կետի համաձայն ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվում է վիճակահանություն, վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվում է մեկ բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը: Վիճակահանության թերթիկները նախապես կնքվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կնիքով և վիճակահանության թմբուկում դրվում են ծալված վիճակում` այնպես, որպեսզի դրանում առկա նշումները տեսանելի չլինեն: Վիճակահանությանը մասնակցող յուրաքանչյուր զինծառայող առանձին մոտենում է վիճակահանության թմբուկին, անձամբ հանում մեկ թերթիկ, բացում է թերթիկը և բարձրաձայն կարդում թերթիկում նշված ծառայողական բնակարանի հասցեն, հարկը և համարը, որն արձանագրվում է արձանագրության մատյանում՝ համաձայն ձև 1-ի, և զինծառայողն ստորագրում է իր մասով վիճակահանության արդյունքի արձանագրման դիմաց:

5․ Զինծառայողին ծառայողական բնակարանի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի և զինծառայողի միջև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: Զինծառայողի հետ կնքվող պայմանագրում պարտադիր ենթակա են ներառման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում սահմանված պայմանները, ներառյալ՝ ծառայողական բնակարանը զինծառայողի կողմից վարձակալության հանձնելու իրավունքի, և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ կնքված վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման պայմանների վերաբերյալ: Պայմանագրի կնքման հիման վրա զինծառայողին տրամադրվում է ծառայողական օրդեր՝ համաձայն ձև 2-ի:

6․ Հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի հինգերորդ նախադասությունում նախատեսված որևէ պայմանի ծագման դեպքում, ծագման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողին գրավոր տեղեկացվում է անհատույց օգտագործման պայմանագրի միակողմանի լուծման մասին և առաջարկվում է 30-օրյա, իսկ ծառայողական բնակարանը զինծառայողի կողմից վարձակալությամբ տրամադրված լինելու դեպքում՝ 40-օրյա ժամկետում, ազատել ծառայողական բնակարանը՝ հետ վերադարձնելով ծառայողական օրդերը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի մասով ծառայողական բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանի ծագման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պայմանի ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Սույն մասի ապահովման նպատակով զինծառայողի կողմից կնքվող ծառայողական բնակարանը վարձակալությամբ տրամադրելու պայմանագրում վարձակալության պայմանագրի լուծման հիմքերի շարքում պարտադիր ենթակա է նախատեսման նաև 40-օրյա ժամկետում վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման պայմանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինծառայողի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միակողմանի լուծման օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել