«Հյուրանոցներում արդեն հանգստացողներ կան». Ջերմուկի բնակիչը՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին

Սեպտեմբերի 13-ին արթնացանք պայթյունների ձայներինց, ինձ թվաց հրավառություն է, հետո ամուսինս նայեց պատուհանից ասաց՝ սարերում հրդեհ է, կրակոց է, ոչ թե՝ հրավառություն․ Iravaban.net-ի հետ զրույցում պատմում է Ջերմուկի բնակիչ Արևիկ Ստեփանյանը:

«Հետո մեր հարևանը եկավ, ասաց, որ բոլորը դուրս պետք է գան Ջերմուկից: Տղամարդիկ կանանց և երեխաներին տարհանեցին, ապա իրենք հետ վերադարձան Ջերմուկ»,-պատմում է նա:

Արևիկը երկու անչափահաս երեխա ունի: Ավագ որդին սովորում է առաջին դասարանում: Այժմ դասընթացները հեռավար են անցկացվում:

Նա նշեց, որ հոկտեմբերի 4-ին են վերադարձել իրենց քաղաք․ «Քաղաքը լքեցի զուտ երեխաներիս համար, որ մեծ լինեին հաստատ քաղաքից դուրս չէի գա»։

Արևիկը նշեց, որ իր տեղեկություններով հյուրանոցներում էլ արդեն հանգստացողներ կան:

Հարցին՝ արդյո՞ք կրակոցի ձայներ լսվում են քաղաքում, Արևիկը նշեց, որ ամեն օր կրակոցներ չեն լինում: Վերջին անգամ նման ձայներ լսել է հոկտեմբերի 5-ին:

«Ամեն ինչ բաց է, աշխատում են մթերային խանութները, հագուստի խանութները: Բանակիչների մեծ մասը եկել են: Երբ քաղաքում չէինք՝ ավելի շատ էի վախենում, բայց այստեղ ավելի հանգիստ եմ: Փառք Աստծո, այս պահին ոչ մի վախենալու պատճառ չկա: Նույնիսկ տեղեկություններ ունեմ, որ մարդիկ հյուրանոցներում նախապես արված ամրագրումները չեն չեղարկել: Մեծ հույս կա, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց Արևիկը։

Նա նշեց, որ Ջերմուկի տղամարդիկ տարբեր աշխատանքներ են իրականացնում՝ ամուր պահելով զինվորի թիկունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել