Հայաստանի Ասորական համայնքը 44-օրյա պատերազմում ունեցավ 9 զոհ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։
«27 սեպտեմբերի, 2020․․․
Երկու տարի առաջ հենց այս օրը սկսվեց 44 օր տևած պատերազմը, այս օրով բացվեց մեր պատմության ամենացավոտ էջերից մեկը՝ զիջումների, կորստի էջը․․․
Պատերազմից անցել է երկու տարի։ Ցավոք, այս ընթացքում մեր խնդիրներն ու պատերազմի հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև նոր մարտահրավերներ են առաջ եկել։ Երկու տարվա ընթացքում չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը՝ գերիների վերադարձի ապահովումը, որն առ այսօր շարունակում է քաղաքական նպատակներով շահարկվել։ Երկու տարի շարունակ Հայաստանն ու Արցախն ունեցել են նոր տարածքային կորուստներ, ունեցել ենք բազմաթիվ զոհեր, իսկ այսօր՝ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, թշնամու թիրախում Հայաստանի սուվերեն տարածքն է։
2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը չլուծեց մեր խնդիրները․ Արցախի կարգավիճակի ու արցախահայության ճակատագրի հարցը շարունակում է անորոշ մնալ, չկան Արցախի անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ, վտանգված է ՀՀ պետականության գոյությունը․․․ Սրանք խնդիրներ են, որոնց պատճառների գիտակցումն ու հրատապ լուծումների փնտրտուքն այսօր առավել քան կարևոր են։
Բայց այս ամենին զուգահեռ 44-օրյա պատերազմը նաև հերոսության, անձնվիրության ու հայրենասիրության հերթական դրվագն էր։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար իրենց կյանքը չխնայեցին հազարավոր քաջորդիներ։ Հայ զինվորի կողքին հայրենիքի համար կռվեցին նաև Հայաստանի ու Արցախի ազգային փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Հայաստանի Ասորական համայնքը 44-օրյա պատերազմում ունեցավ 9 զոհ, ինչը 5000-անոց համայնքի համար բավական լուրջ թիվ է։
Այսօր բոլորս վերհիշում ու վերապրում ենք 2020-ի սեպտեմբերի 27-ը, վերագնահատում մեր վիճակը, փորձում հասկանալ՝ ինչ ունենք երկու տարի անց։ Բայց ես ուզում եմ ամեն ինչից զատ ու ամեն ինչից առաջ խոնարհվենք մեր հերոսների հիշատակի առաջ։
Հավերժ փառք հայրենիքի համար ընկած քաջերին, համբերություն հերոսածին մայրերին, իմաստություն մեզ բոլորիս»,-նշել է նա։