Ակնկալում ենք, որ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվություն ձևավորել մեր հասարակության մեջ․ Վիլեն Գաբրիելյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական սառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ: Այս մասին ասել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

Նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ փաթեթի մշակումը սկսվել է ամիսներ առաջ, և առայսօր այն գտնվել է լրամշակման փուլում: Այդ ընթացքում ուսումնասիրվել է նաև մոտ երկու տասնյակ երկրների փորձը:

Առաջարկվող օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, պետք է կարգավորեն և ներդնեն նոր իրավահարաբերություններ, ինչպես նաև նպաստեն տնտեսության և սպորտի զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, անօրինական զենքի քանակի նվազեցման և ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը: Գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թ. և ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին հրազենով կատարված հանցագործությունների մեծամասնությունն արվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ.  օրինական զենքով տեղի է ունեցել 22 հանցագործություն, տարեկան միջինում՝ 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանությանն ու մարտունակության բարձրացմանը:

«Արդյո՞ք ազատականացվելու է ատրճանակ ձեռք բերելը»,-հետաքրքրվել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ինչին ի պատասխան Վիլեն Գաբրիելյանը պարզաբանել է, որ ատրճանակ ձեռք բերելու ազատականացում այս նախաձեռնությամբ ընդհանրապես չի նախատեսվում: Նշվել է, որ ատրճանակ ձեռք բերել կկարողանան թոշակի անցած այն անձինք, որոնք 20 տարի աշխատել են ուժային կառույցների միջին և բարձր սպայական օղակներում:

«Մեր առաջարկած նախագծով զենքի թույլտվություն տրամադրելու կարգը մենք եղածից խստացնում ենք: Հիմա շատ ավելի ազատական է, իսկ մենք նախագծով ակնկալում ենք, որ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվություն ձևավորել մեր հասարակության մեջ»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Հարակից զեկույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Կառավարության առաջարկները, որոնք նպատակ ունեն առավել հստակեցնել և բարելավել օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել