«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նշվում է, որ անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո։
Առավել մանրամասն տեղեկություններով Քննչական կոմիտեն հանդես կգա ավելի ուշ։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ։
Ըստ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների 20։00-ի դրությամբ կա 2 զոհ, իսկ 60 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ։
Նշենք, որ փլատակներից դուրս էին բերվել նաև 5-ամյա աղջիկ և հղի կին։ Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ կնոջը և պտղին վտանգ չի սպառնում։
Արտակար իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Համապատասխան սարքավորումները բերվել են դեպքի վայր։ Տեղում աշխատում են նաև կամավորների։