Բարձրագույն դատական խորհուրդն օգոստոսի 1-ին, դռնփակ նիստում, քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը։
ԲԴԽ-ն՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 134-րդ հոդվածի 10-րդ մասով, որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Ռուզաննա Սուրիկի Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար:
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ
1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:
2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: