Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հանդիսանում է անշարժ գույքի կադաստրի հիմնական գործառույթներից մեկը: Անշարժ գույքի միավորի հետ կապված գործողություններ իրականացնելիս, այն է` առուվաճառք, վարձակալություն, գրավ և այլն, իրականացնող մարմնի կողմից պահանջվում է անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի 2009 թվականի հրամանի համաձայն՝ բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար
- մինչև 200 քմ մակերեսով շինության դեպքում գանձվում է 10000 դրամ,
- 200 քմ-ից ավելի մակերեսով շինության դեպքում 15000 դրամ։
Iravaban.net-ը հայտնում է, որ վճարելուց հետո դիմումատուն ստիպված է լինում 3 աշխատանքային օր սպասել։ Նույն ժամկետն էր սահմանված նաև նախկինում, երբ անշարժ գույքի միավորի հետ կապված գործողություններ իրականացնելիս դիմումատուն դիմում էր նոտարական գրասենյակ։
Կատարված բարեփոխումների նպատակը մեկն էր․ անձը բոլոր գործողությունները պետք է աներ նույն վայրում, սակայն բյուրակրատական քաշքշուքը չի կրճատվում։
Հունիսի 1-ին Ազգային ժողովում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացնում էր 2021-ի բյուջեի կատարողականը։ Հարցերին մեկին պատասխանելով նա նշեց, որ պետք է ռեսուրսները կենտրոնացվեն համակարգը այն աստիճան թվայնացնելու համար, որպեսզի անգամ սոցիալապես անապահով խավը կադաստրի կոմիտեում գործողություններ կատարելու ընթացքում չունենա ֆինանսական բարդություններ։
Սակայն փաստ է, որ մինչև այսօր Կադաստրի կոմիտեում ամենապահանջված ծառայություններից մեկի, անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման համար կարող ես դիմել էլեկտրոնային եղանակով, սակայն դրա ստացման ընթացակարգը մնում է նույնը։ Բացի այդ, քաղաքացին ստանում է տեղեկանքը այն Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։
Դեռ 2020-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվայնացման խորհրդի նիստի ժամանակ ընդգծել է՝ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ Փաշինյանի հանձնարարականները կամ թերի են իրականացվում, կամ չեն իրականացվում։ Նման աշախատելաոճը՝ նույն կառույցին գումար վճարել, որպեսզի նույն կառույցը մեկ այլ գործողություն իրականացնի՝ ոչ այլ ինչ է, քան թվայնացման աշխատանքների վերաբերյալ որդեգրած քաղաքականության տապալում։