Երևանի ավագանին այսօր միաձայն որոշում ընդունեց, որով Երևանի թիվ 22 դպրոցը անվանակոչվեց 44-օրյա պատերազմի հերոս, ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով։
Միջնորդությունը ներկայացրել էր 22 դպրոցը և հավանության արժանացել դպրոցի աշակերտական, մանկավարժական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից:
Գևորգ Արշակյանը դպրոցում երեք անգամ հաղթող է ճանաչվել հայոց պատմության թեմայով շարադրությունների համամյութենական մրցույթներում:
Դպրոցն ավարտելուց հետո նա ԵՊՀ-ում միաժամանակ սովորել է երկու ֆակուլտետում՝ Փիլիսոփայության և հոգեբանության՝ առկա և Իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ: 44-օրյա պատերազմի հերոսը համալսարանական կրթությանը զուգահեռ սովորել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում և ստանալով լեյտենանտի կոչում կամավոր մեկնել Արցախ ծառայության:
Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020 թվականի օգոստոսին և ավագ լեյտենանտով զորացրվել, բայց պատերազմի լուրը լսելուն պես սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում կազմել էր կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս: Պատերազմի ընթացքում հիվանդացել էր թոքաբորբով և բուժվելուց հետո կրկին վերադարձլ էր Ալաշան և նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել Շուշիի պաշտպանական մարտերին: Այդ մարտերում ստացել է երկու հրազենային վիրավորում, բայց շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Արցախի նախագահը 2021 թվականի փետրվարի 17-ին Գևորգ Արշակյանին շնորհել է Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշան, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով էլ շնորհվել է Մարտական ծառայության մեդալ: