«Հայելի» ակումբի` 2021-ի ապրիլի 16-ի հաղորդման ընթացքում հաղորդավար Անժելա Թովմասյանի հարցին ի պատասխան, «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am կայքի այդ ժամանակվա լրագրող Անի Գևորգյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մեղադրել էր իր նկատմամբ հանցագործություն պատվիրելու, ինչպես նաև իր մանկահասակ երեխային թիրախավորելու մեջ:
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից Iravaban.net-ը տեղեկանում է, որ Սիմոնյանի ներկայացուցիչը իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը հերքելու պահանջով հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ:
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին։
Չնայած հայցապահանջի դեմ տիկին Գևորգյանի ներկայացուցչի առարկությանը՝ դատարանը բավարարել է հայցը` լրագրողին պարտավորեցնելով հերքել զրպարտությունը և, որպես փոխհատուցում, Ալեն Սիմոնյանին վճարել 150,000 դրամ:
Դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 23-ին։