Տղամարդը վիճաբանել է ծաղկի վաճառակետի աշխատակցի հետ, դանակահարել, սպանել նրան. գործը դատարանում է

Անմեղսունակ համարվող Ա. Հ.-ն 2022թ. հունվարի 30-ին վճաբանել է Երևան քաղաքի փողոցներից մեկում գործող ծաղկի վաճառակետի աշխատակցի հետ, որի ընթացքում, իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Բացի այդ, 2022թ. փետրվարի 6-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի խցերից մեկում կալանավորված եղած ժամանակ Ա. Հ.-ն նույն մասնաշենքում տեղադրված հեռախոսակապից օգտվելու պատրվակով խնդրել է հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին իրեն դուրս բերել խցից: Վերջինս կատարել է Ա. Հ.-ի խնդրանքը և նրան դուրս բերել խցից:

Այդ ընթացքում Ա. Հ.-ն, մինչև հեռախոսակապին հասնելը, իրեն խցից դուրս բերած անվտանգության աշխատակցին կյանքից զրկելու մտադրությամբ նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով և բռունցքներով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա. Հ.-ն` տեսնելով, որ այդպես չի կարողանում ավարտին հասցնել իր մտադրությունը, ձեռքերով փորձել է խեղդամահ անել ՔԿՀ աշխատակցին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինիս բղավոցներից օգնության են հասել հիմնարկի ծառայողները:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 8-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), 34-104-րդ հոդվածի առաջին մասով (Սպանության հանցափորձ), 316-րդ հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել