Տղամարդը գողություն է կատարել, քանի որ քաղցած է եղել. հրապարակվել է դատավճիռը

Սասուն Ե․-ն հասել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղ և քանի որ  քաղցած է եղել, որոշել է ապօրինի մուտք գործել Նարինե Վ-ին պատկանող խանութ․ այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ տղամարդը մուտք է գործել խանութ և այնտեղից հափշտակել է 60000 դրամ գումար և 10000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 25-ին և մակագրվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանին։

Սասուն Ե․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կոտի (գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով։

Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Դատարանը վճռել է  ամբաստանյալ Սասուն Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) կիրառմամբ՝ ամբաստանյալ Սասուն Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել