Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
CNN Turk-ի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում նախքան հնարավոր ռազմական օպերացիայի մեկնարկը։ Թուրքերի կողմից արդեն ֆիքսված են զինյալների թունելները Թել Ռըֆաթում: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը սպասում են հրամանի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս նշել էր, որ նախատեսված օպերացիան անպայման իրականացվելու է:
«Մի գիշեր կիջնենք դրանց գլխին»,-ասել էր Էրդողանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»: