Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից է դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։
Այս նպատակի ռազմավարական ուղղություններից է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովումը։
Ռազմավարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում գնալով աճում է դատական գործերի թիվը, մինչդեռ, դատավորների թվակազմը գրեթե մնում է անփոփոխ, իսկ արտադատական եղանակով վեճերի լուծման մեխանիզմները դեռևս լիարժեք զարգացած չեն, որ նպաստեն դատարանների գերբեռնվածության նվազեցմանը:
Դատարանների գերբեռնվածությունը խոչընդոտում է դատական գործերի արագ և արդյունավետ քննությանը՝ հանգեցնելով անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումների: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների և դատավորի օգնականների թիվը, ներդնել վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ՝ այդ թվում էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև ներդնել և ակտիվորեն օգտագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը:
Ռազմավարական մյուս ուղղություն է դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրումը։
Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա են դատարանների կամ դրանց նստավայրերի վարչական շենքերի համար ոչ բավարար տարածքի կամ այլ պետական մարմինների նստավայրերից պատշաճ կերպով սահմանազատված չլինելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը դատարան ապահովելու խնդիրներ: Որոշ դատարանների շենքեր նաև ապահովված չեն նվազագույն անհրաժեշտ պայմաններով՝ դատական նիստերի դահլիճներով, բաց և փակ գոտիներ ստեղծելու հնարավորությամբ և այլն։ Հետևաբար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վերանորոգման/վերակառուցման աշխատանքներ՝ այդ թվում՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար դատարանների շենքերի մատչելիությունը:
Միաժամանակ՝ դատավորների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված, ինչը նախատեսվում է առաջիկայում, և Հակակոռուպցիոն դատարանի հիմնադրմամբ, օբյեկտիվորեն անհրաժեշտություն կառաջանա դատական իշխանությանը ապահովել նոր տարածքով (շենքով) և ենթակառուցվածքներով: