Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Խարկովի մարզ, այցելել ուկրաինացի զինվորականներին՝ առաջնագծում, ստուգել տարածաշրջանի ավերված ենթակառուցվածքները և խորհրդակցություն անցկացրել։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, փոխանցում է Украинская правда-ն:
Զելենսկին զինծառայողներին հանձնել է պետական պարգևներ և նվերներ։ Հաղորդվում է, որ պետության ղեկավարը աշխատանքային հանդիպում է անցկացրել Խարկովի մարզում՝ այնտեղ տիրող իրավիճակի շուրջ։
Շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Զելենսկիին ցույց է տվել ռուսական գնդակոծության հետևանքները։
Խարկովի շրջանի իշխանությունների տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է 2229 տուն։ Ուկրաինայի նախագահը նշել է ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը։
Նրա խոսքով՝ ներգրավվելու են նաև պետական ծրագրեր, սակայն Զելենսկին հորդորել է տեղական իշխանություններին փնտրել բնակարանաշինության եվրոպական և վարկային այլ ծրագրեր։
Նախագահը նշել է նաև, որ նոր տներ պետք է կառուցվեն ապաստարաններով։ Խարկովի շրջանի ղեկավարը նախագահին տեղեկացրել է, որ ներկայումս շրջանի տարածքի 31%-ը օկուպացված է,իսկ 5%-ն արդեն ազատագրվել է։