Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն

Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն։ Որոշման համաձայն՝ ոստիկանությունը չպետք է միջամտի և քրեական գործողություններ ձեռնարկի չափահաս և համաձայնություն տվող սեքսուալ աշխատողների նկատմամբ, փոխանցում է The Hindu լրատվականը։

«Պետք չէ հերքել այն, որ անկախ մասնագիտությունից՝ այս երկրում յուրաքանչյուր անհատ ունի արժանապատիվ կյանքի իրավունք՝ համաձայն Սահմանադրության 21-րդ հոդվածի։ Քրեական օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլոր դեպքերում՝ «տարիքի» և «համաձայնության» հիման վրա։ Երբ պարզ է, որ սեքսուալ աշխատողը չափահաս է և համաձայն կատարվողի հետ, ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա միջամտությունից կամ որևէ հանցավոր գործողություն ձեռնարկելուց», – նշել է դատարանը։

Նշվում է, որ սեքս-աշխատողները չպետք է «ձերբակալվեն կամ պատժվեն, ոտնձգությունների ենթարկվեն կամ սպանվեն», երբ որևէ հասարակաց տանը ստուգայց (ռեյդ) է տեղի ունենում, «քանի որ կամավոր սեռական աշխատանքը անօրինական չէ, և միայն հասարակաց տան ղեկավարումն է անօրինական»:

Դատարանի որոշմամբ սեքսուալ աշխատողի երեխան չպետք է բաժանվի մորից միայն այն հիմքով, որ նրա մայրը զբաղվում է սեռական առևտրով։

«Մարդկային պարկեշտության և արժանապատվության հիմնական պաշտպանությունը տարածվում է սեռական աշխատողների և նրանց երեխաների վրա», – նշել է դատարանը:

Ավելին, եթե անչափահասը հայտնաբերվում է հասարակաց տանը կամ սեքսուալ աշխատողների հետ, ապա չպետք է ենթադրել, որ երեխան ենթարկվել է թրաֆիքինգի․ «Այն դեպքում, երբ սեքսուալ աշխատողը պնդում է, որ երեխան իր որդին/դուստրն է, կարող են ԴՆԹ թեստեր անել՝ պարզելու տեղեկության իսկությունը։ Եթե այո, ապա անչափահասին հարկադրաբար չի կարելի առանձնացնել մորից»,- կարգադրել է դատարանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել