«Կուշտ եմ այս ամենից». Բայդենը` Տեխասի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, հայտնում է CNN-ը։

Ամերիկացի առաջնորդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նաև մեկ անգամ ևս կոչ է արել կոշտ պայքար մղել զենքի ապօրինի շրջանառության դեմ՝ կոչ անելով օրենսդիրներին «ցավը գործի վերածել»:

«Մենք ազգովին պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ե՞րբ ենք սկսելու դիմակայել զենքի լոբինգին։ Ես այս ամենից կուշտ եմ: Մենք պետք է գործենք. Եվ մի ասեք, որ մենք չենք կարող ազդել այս կոտորածի վրա»,-նշել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես արտահայտվել է Տեխասի հրաձգությունից հետո զենքի շրջանառության սահմանափակումների օգտին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները «կաթվածահար է եղել ոչ թե վախից, այլ զենքի լոգինգից»։

Հիշեցնենք, որ 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխասի հարավում գտնվող տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 18-ամյա զինված տղամարդը, Սալվադոր Ռամոսը, անկանոն կրակոցներ է արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։ Իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում Ռամոսը սպանվել է։ Իրավապահների պնդմամբ՝ նա միայնակ է գործել։ 13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել