«Եթե չլինի հայրենիք՝ չի լինի ընտանիք». Արման Մովսիսյանի վերջին խոսքերը՝ կնոջը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Մովսիսյանը պայմանագրային զինծառայող էր: Ծառայում էր Վայքի զորամասում: Նա 3 որդիների հայր էր: Կինը՝ Արևիկ Գրիգորյանն ասում է, որ դժվար է առանց ամուսնու դաստիարակել 3 տղաներին։ Ընտանիքն այժմ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում է ապրում։

«Տանջվել ենք, բայց անհոգ ենք ապրել: Ինքը տարիներ շարունակ արտագնա աշխատանքի էր մեկնում, դրա համար էլ համաձայնեցի, որ պայմանագրային աշխատի: Ես իրեն ասացի՝ խոստացի, որ գալու ես, պետք է հետ գաս, ասաց՝ գալու եմ, բա ի՞նչ եմ անելու, 3 օրով են տանելու: Հետո ետ դարձավ, ասաց՝ լավ կապրեք, լավ կապրեք իրար հետ, ասացի՝ չէ, ես համաձայն չեմ»,-պատմում է Արմանի կինը:

Նա նշում է, որ ամուսինն իրեն վերջին անամ զանգել է հոկտեմբերի 12-ին: Կնոջն ասել է, որ եթե չլինի հայրենիքը, ապա չի լինի ընտանիքը:

Հարևանուհին՝ Անահիտ Մկրտչյանը նշում է, որ Արմանն իդելական մարդ է եղել և օժտված է եղել բազմաթիվ դրական հատկանիշներով ու սա չի ասում նրա համար, որ զոհված է և իրենց համար հերոսի կերպար է դարձել, դա իսկապես այդպես էր։

Պատմում են, որ հետնահանջին չի ենթարկվել, մինչև վերջ մնացել է հրամանատարների կողքին: Նրա մարմինը գտել են զոհվելուց 4 ամիս անց, ինքնությունը պարզվել է ԴՆԹ հետազոտության միջոցով:

«Դժվար է շատ, ինձ ասում են՝ դու ուժեղ ես, կարող ես, բայց չէ, ուժեղ չեմ»,-նշում է Արևիկը:

Արման Մովսիսյանը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 19-ին: 2013 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել