«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները;
Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել և օգտագործվել է յուրաքանչյուր երկրի համար միջինացված արդյունքը։
«ԵՀՄ-ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ»-ում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձերին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ պաշտոնական քվեարկության կանոններին համապատասխան, անկախ նրանից, թե նման ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների և/կամ ելքի վրա», – ասված է ԵՀՄ-ի հայտարարության մեջ:
«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:
Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: