Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին։
«Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգա, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։
Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված: Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող արտիստին ու բոլոր քվեարկողներին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: