Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ օրը մասնակցել են Թուրքիայի Ռիզե-Արտվին 58-րդ օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում է Anadolu-ն։
Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ՝ Ալիևը նշել է, որ եղբայրական Թուրքիայի ժողովուրդը և ղեկավարությունը ակտիվորեն աջակցել են Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նախագահ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը միայնակ չէ, լուրջ ուղերձ են հղել շատերին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Ադրբեջանի և Թուրքիայի ընդհանուր փառավոր պատմությունն է»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում իրեն զգում է այնպես, ինչպես իր հայրենի երկրում։
«Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն բարեկամ և եղբայրական երկրներ են, այլ նաև դաշնակիցներ։ Մեր երկրները միասին են դժվարության և ուրախության մեջ։ Կեցցե Թուրքիան։ Կեցցե Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը»,- ասել է Ալիևը։