Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։
Մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Դատական նիստի ընթացքում Աղվան Հովսեփյանն անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:
Նա մասնավորապես ասաց, որ Սասուն Խաչատրյանին, երբ ազատել են դատախազությունից: Նա դիմել է Աղվան Հովսեփյանին, որպեսզի ընդունվի Քննչական կոմիտեում աշխատանքի:
«Ես չընդունեցի նրան աշխատանքի: Դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում քննիչներին կարգապահական պատսխանատվության ենթարկելու համար, դրանց 90 տոկոսը մերժվել է, որպես անհիմն և անօրինական: Ու այդ ընթացքում աշխատակիցներն ասում էին՝ պարոն Հովսեփյան, չընդունեք իրեն աշխատանքի: Ոչ մի կոլեկտիվ իրեն չէր ընդունում աշխատանքի:
Հիմա՝ հարգարժան նախաքննության մարմնի ղեկավար, Ինչու՞ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,-ասաց Աղվան Հովսեփյանը, նշելով, որ Սասուն Խաչատրյանը պարտավոր էր ինքնաբացարկ ներկայացնել:
Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով: Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր 2021 թվականի սեպտեմբերի 8-ին: