Գիշերը Ուկրաինայի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդել են, որ երկրի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին օգնել փրկել մարդկանց, ովքեր դեռ չեն կարողանում լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։

«Այնտեղ մնացած մարդկանց կյանքը վտանգի տակ է։ Մեզ համար յուրաքանչյուր մարդ կարևոր է։ Մենք խնդրում ենք Ձեր օգնությունը՝ նրանց փրկելու համար», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչների համար «Ազովստալ»-ից մարդասիրական միջանցքներ կբացի երեք օրով՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8-ից մինչև 18-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել