Ատեստավորում չանցած ուսուցիչը «իքս» պահին չի աշխատելու դպրոցում, ուսուցիչն ինքը պետք է որոշի իր աշխատավարձի չափը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ապրիլի 28-ին որոշում է ընդունել, որով հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը։

Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը: 

«Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել ենք, որ գործընթացն ունի բարելավման կարիք, հետևաբար կարգում կկատարվեն որոշակի փոփոխություններ՝ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն առավել կատարելագործելու նպատակով»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:

Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում  դասավանդողների իմացության աստիճանի պարզումն է և դրա արդյունքում, ըստ տվյալ ուսուցչի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է:

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի մայիսից, 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի 200.000 ՀՀ դրամ հավելավճար սահմանելու դրույթը՝ փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառումներից ելնելով։

Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնդիրների կարգավորումն է, կարգում առկա բացերի ավելի հստակեցումն ու կարգավորումը:

Նշվում է նաև, որ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և  հավելավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000  ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում  ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:

Դրույքաչափի փոփոխությունը 2022 թվականի մայիսից կիրառելի է նաև 2021 թվականին ատեստավորված և հավելավճար ստացող ուսուցիչների համար։

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

_____

Նիկոլ Փաշինյանը կարևորել է  ընդունած որոշումը և նշել. «2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթություններից  են և  միշտ էլ մնալու են որպես առաջնահերթություն: Հիմա էլ ուզում եմ այդ համոզմունքս վերահաստատել. մենք այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, այս շենքի ներսում, այս շենքից դուրս, յուրաքանչյուր գյուղում,  ֆերմաներում, փոքր և միջին ձեռնարկություններում վերաբերում է կրթության ոլորտին: Բոլոր ոլորտներում առկա ցանկացած թերության  հետևից որ գնանք, առնչվելու ենք կրթության ոլորտում ինչ-որ մի համակարգային խնդրի հետ: Ուստի,  կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Այսինքն՝ կա կրթություն և մնացած բոլոր հարցերը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենին շատ կարևոր լրացում կա, որ կրթությունը ցկյանս պրոցես է: Կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհով, որևէ դպրոցով, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինի լրացնել: Եվ մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտություններն ի վերջո ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»: 

Այդ համատեքստում վարչապետն առաջնային հարցերից է համարել  ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը. «Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում: Մենք մտածում էինք ինչ անենք, որպեսզի ոչ թե մենք որոշենք, թե ինչքան է ուսուցչի աշխատավարձը, այլ ուսուցիչն ինքը որոշի՝ ինչքան է իր աշխատավարձը: Ի վերջո, պլանավորեցինք և 2021 թվականի գարնանից սկսեցինք այս սկզբունքային նշանակության բարեփոխումը, որը այսօրվա որոշմամբ շարունակում ենք:  Ըստ այդմ՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների դրույքաչափը 108 000-125 000 դրամի փոխարեն կլինի 200 000 դրամ: Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, որոնք նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի 1-ից կարող են ստանալ արդեն 400.000 դրամ աշխատավարձ»: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ուսուցիչներին տրվելու է այդ համակարգից մի քանի անգամ օգտվելու հնարավորություն, սակայն իքս պահից սկսած ատեստավորում չանցած ուսուցիչը դպրոցում ուղղակի չի աշխատելու: 

Վարչապետն անդրադարձել է կրթական ենթակառուցվածքի նոր համակարգի հայեցակարգին, որն իրականացվելու է Սյունիքի մարզում. «Այն  ամբողջությամբ պատրաստ է: Ես տվել եմ հանձանարարական արդեն սկսել շինարարության և ծրագրի իրականացման նախագծման աշխատանքները: Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը միայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման մասին չէ, մենք տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծենք, որի մեջ մտնում են նաև ավտոճանապարհները»: 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կազմակերպվելու են բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ բարդ, բայց կարևոր քննարկումներ: «Մենք բարձրագույն կրթության ոլորտում էլ մասշտաբային բարեփոխումներ ենք  իրականացնելու,  քաղաքական որոշումը վաղուց ենք կայացրել: Դրա իրականացման լոգիստիկայի հարցը պետք է որոշենք և գնանք առաջ»: 

_____

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու և  տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում:

Հաշվի առնելով վերապատրաստող կազմակերպությունների կողմից ներկայացվող՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա մշակված մոդուլների փորձաքննության արդյունքների ամփոփման աշխատանքների մեծ ծավալը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնել նաև մոդուլները:

Գործընթացի կազմակերպման առավել կառուցողական մոտեցում է համարվում անհատական ժամանակացույցի կազմումը կազմակերպության կողմից՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները և ստացված հայտերի թիվը: Այս մոտեցմամբ կազմակերպության ընտրության և նպատակահարմար ժամանակահատվածում մասնակցություն ապահովելու նպատակով ուսուցիչների համար հստակեցում է նախատեսվել:

Ուսուցիչն ընտրում է վերապատրաստող կազմակերպություն, որն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է:

Անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանելու վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Ակնկալվող արդյունքներ

Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են՝

  • ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին, 
  • վերապատրաստումները հեռավար ձևաչափով կիրականացվեն միայն բացառիկ դեպքերում,
  • վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է  նաև մոդուլները,
  • կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները,
  • ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունն ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է,
  • սահմանվել է վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել