Չավուշօղլուն քննադատել է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Արևմտյան որոշ առաջնորդներ վերջին օրերին պնդում էին, որ «ցեղասպանություն» բառը կարող է օգտագործվել միայն դատարանի որոշումից հետո: Ճիշտ է, սակայն, երբ այդ նույն մարդիկ, առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, առանց դատարանի որոշման օգտագործում են «ցեղասպանություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, դա նրանց կեղծավորության ամենաակնառու օրինակն է», – գրել է Չավուշօղլուն Twitter-ում։

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը հայկական պատմության մեծագույն ողբերգությունն է։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։

Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։

ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

2015 թ․- ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետև համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

1939 թվականին՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին, Հիտլերը, որպեսզի համոզի իր հրամանատարությանը, որ աշխարհը կմոռանա լեհերի դեմ ձեռնարկվելիք անողոք գործողությունները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՝ հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել