Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածներից մեկը։

Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք վերստին պարտավորվում ենք բարձրաձայնել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորավ Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են՝ իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։

Սա նաև պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տներում և նոր երկրներում, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներում։

Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց մեջ կրել ողբերգական հիշողությունն իրենց նախնիների վերապրածի մասին։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել