Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018 թվականին հղածս մաղթանքն այսօր էլ արդիական է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ եթե կարողանար գուշակել սպասվող արհավիրքը, մի գուցե 2018 թվականի մարտ, ապրիլ ամիսներին այլ կերպ գործեր։
«Իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ՝ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը։