Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նշված հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը քննության առարկա է մասնավոր բողոքի կարգով, իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքները՝ հանրային կարգով, այսինքն նախնական քննության նախաձեռնման համար բողոքի առկայությունը պարտադիր պայման չէ:

Հաշվի առնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմով նոր քրեական պրակտիկայի ձևավորման ընթացքը քրեական ընդհանուր քաղաքականության համատեքստում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային լայն հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը: Այսինքն նախ՝ ճնշող մեծամասնության դեպքում քննության համար ծանր վիրավորանքի ենթարկված անձինք են դիմում, բացի այդ, քննության առարկա հանդիսացող՝ ծանր վիրավորանքի մեծ մասն առերևույթ կրել է ոչ հրապարակային բնույթ, այսինքն դրանք հնչեցվել են առանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների, հրապարակային այլ եղանակների օգտագործմամբ, հաճախ արվել են կենցաղային փոխհարաբերություններում:

Այս իմաստով հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքան գործունեությամբ զբաղվող անձանց և 762 դեպքում՝ այլ անձանց: Վերջինս փաստում է, որ նախ՝ որևէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արաքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի և քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն, կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն:

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով  հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաև նրանց ընտանիքի անդամները:

Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում:

Քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ և արտահայտություններ անելու համար: Ընդ որում՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվում չկան լրագրողներ, պաշտոնատար անձինք, 26-ի դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեն քաղաքական ուժերին հարող, համակիր անձինք, իսկ մնացած դեպքերում՝ այլ անձինք: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, որոնցից 15 գործ՝ 16 անձի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33 գործ՝ 35 անձի վերաբերյալ՝ նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:

ՀՀ դատախազությունը հարկ է համարում ընդգծելու, որ նշված արարքի քրեականացումը, դրանցով իրականացվող քրեական հետապնդումներն ուղղված են ոչ թե մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավելյալ նոր մեխանիզմների գործադրմանը, այլ հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքը, նաև որպես հանցածին գործոն, արմատախիլ անելուն, ներհասարակական լարվածությունը թոթափելուն:

Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը հերթական անգամ կոչ է անում հանրությանը ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ատելության խոսքը հանրային խոսույթի նորմա դարձնելուց և առաջնորդվել ընդհանուր համակեցության և համերաշխության արժեքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել