Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրները արդյունավետ փոխգործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:
Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց Վլադիմիր Պուտինի առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում:
«Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում, և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը ապահովում է անվտանգությունը, և թվում է, պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը առավել արդյունավետ դարձնենք: Եվ իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ իր այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ:
«Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»,- եզրափակեց Փաշինյանը։