2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի արտահերթ նիստում: Գրեթե 2000 էջից կազմված ծավալուն փաստաթղթում ներկայացվում են կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման տարբերակներ:
«Հաշվետու տարում արմատական աշխատանքներ են տարվել հետպատերազմական փուլում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված խախտումների եւ դրանց հետեւանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Այդ նպատակով Պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են իրականացվել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են տեղի բնակիչների կենսաապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Այցերի արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին են ներկայացվել ամփոփ տեղեկություններ՝ արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավականն են նաեւ օրենսդրական այն երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ: Սակայն, ըստ նրա, գործնականում արձանագրվել են դեպքեր, որոնք պարունակել են Պաշտպանի գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երեւույթ էր Պաշտպանի հասցեին իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության ու վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը»,-ընդգծել է նա:
2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ սահմանադրական դատարան է հասցեագրվել 11 դիմում: Դիմումներում բարձրացվել են մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարի 31-ին հրապարակված սոցիալական հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը, որոշ չափով գոհ՝ 33 տոկոսը: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը:
Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է նաեւ Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե որ հաստատություններն են համարվում առավել վստահելի՝ արտաքին քաղաքականության մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Քաղաքացիներն այս հարցում եւս ամենաշատը (առավելագույն 30 տոկոսից՝ 25 տոկոս) վստահել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:
Զեկուցողի խոսքով՝ 2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում են արդիական մնալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված, պետական պատվերներին առնչվող խնդիրները:
Հաղորդման մեջ ներկայացված են նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական պայքարում հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքները:
Տեղեկատվության ազատության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2021թ. մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Այդպիսի գրառումները խիստ վտանգավոր չափերի են հասել՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը:
Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 25-ին, իսկ ներկայացված զեկույցը մեծամասամբ վերաբերում է նախորդ պաշտպանի՝ Արման Թաթոյանի գործունեությանը: Զեկույցը հրապարակվել էր նախորդ պաշտպանի պաշտոնավարման օրոք:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է՝ զեկույցը ներկայացնելիս արդյո՞ք չի եղել շահերի բախում՝ հաշվի առնելով, որ Քրիստիննե Գրիգորյանը նախկինում քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Օմբուդսմենը, պատասխանելով հարցին, նշել է, որ ինքը պաշտոնատար անձ է եւ առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ օրենքով, եւ շահերի բախման խոսք լինել չի կարող:
Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: