Երևանի ավագանին ապրիլի 19-ին որոշում ընդունեց, որով Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն անվանափոխվեց թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»:
Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-1984 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավարը, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը:
1985-1988 թվականներին եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան և գլխավոր ռեժիսորը: 1980-1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
1969 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1980 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը, 1981 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի, 2000 թվականին՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Թատրոնի և կինոյի անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մասնակցել է բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ. Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո), Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Ավետյան), «Ավերված քաղաքի առասպելը» (Արշակ թագավոր) և այլն: Նկարահանվել է հայկական մի շարք ֆիլմերում՝ «Առաջին սիրո երգը» (Արսեն, 1958թ.), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ, 1968թ.), «Տերը» (Ռոստոմ, 1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե, 1969թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն, 1972թ.) «Երկունք» (Մյասնիկյան, 1977թ.), «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս, 1978թ.), «Ապրեցեք երկար» (Սիսակյան,1979թ.) և այլն: Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում: