Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները:

Նախագծի վերջնական տարբերակում նշվում է, որ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

«Այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն», – ասաց պատգամավորը:

Սարգսյանի խոսքով` մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով. այս առաջարկը ևս հավանության չի արժանացել:

Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել