քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիետից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում, վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ: Արդյունքում հինգ անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Դեռևս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երևան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 28 տարեկան բնակիչ է:
Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս, դեպքի օրն իր ընկերների հետ, սգո արարողությանը մասնակցելու նպատակով, գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից, ընկերների հետ միասին, նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջև առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում, տարբեր տեսակի հրազեններից, կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 20 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ և նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62X25մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: