Մարտի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցային ահազանգեր էին ստացվել. բուժօգնության էին դիմել երկու տղամարդ՝ կտրած վերքերով։ Առաջինը տեղափոխվել էր Երևանի Չոլաքյան փողոցից, երկրորդը՝ Ներսիսյան։ Նույն օրը տարածքային քննչական մարմնում դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու ուղղությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ։ Նախ պարզվեց, որ տղամարդիկ վնասվածքները ստացել էին Տիգրանյան փողոցի 20-րդ շենքի բակում։ Պարզվեց նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը, ապա հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։ Մարտի 28-ին Երևանի 46-ամյա բնակչին մեղադրանք առաջադրվեց, իսկ մարտի 31-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները հանգուցալուծվեցին ապրիլի 4-ին։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 46-ամյա տղամարդը եկավ բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նա կալանավորվել է։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցի շուրջ տեղի ունեցած վեճն էր հանգուցալուծվել դանակահարությամբ, ինչից հետո տուժողները գնացել էին այլ թաղամասեր, իսկ երբ վիճակները ծանրացել էր, տեղափոխվել էին բուժհաստատություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: