Արդեն մեկ ժամ է մամուլում վերնագիր է շրջանառվում, որ Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովից հեռացրեց Արցախի դրոշը: Հատուկ այդ տխմարաբանության հեղինակների և իրենց պատվիրատուների համար ասեմ, որ այսպես (հորիզոնական դիրքով) Արցախի դրոշ չի լինում, այն այսպես (ուղղահայաց) է լինում: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց պատգամավորը:
«Սեյրան Օհանյանը այսպես դնելով Արցախի դրոշը, ես չգիտեմ, թե ինչ է դնում, բայց եթե նա իր կյանքում ինչ-որ մի բան թեքելու կամ ծուռ դնելու կարիք ուներ, թող իր տունը ծուռ կառուցեր: Թող պարոն Օհանյանի քաղաքական գործունեություն իրականացնող կինը, իր 4-5 հազար դոլարանոց ամենաթանկ բրենդներից կլաչերը կամ այլ բաները ծուռ բռնի, բայց ոչ՝ Արցախի դրոշը: Հետո էլ ասում են, թե Վահագն Ալեքսնյանը Արցախի դրոշն է հանում»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը 30 տարի եղել է պաշտպանության նախարար, սակայն երկրորդ պաշտպանական գիծ ընդհանրապես չի կառուցել, բայց եկել է Ազգային ժողովում պլաստիկի կտորով Արցախի դրոշ է «կպցնում»:
«Թող իր դղյակները այդ պլաստիկի կտորով կպցներ: Մենք դարձանք Արցախի դրոշ հանող, իսկ իրենք՝ դնող: Արցախցի Ռոբերտ Քոչարյանը Արցախի դրոշի մասին է մտածում, բա էդ ի՞նչի եք գնացել Աթենքում ապրում, բա թող Արցախում ապրեր: Պլաստիկի կտորով թեք ու ծուռ Արցախի դրոշ կպցնելով մարդիկ «փիս» հայրենասեր են դարձել ու գնում են Արցախ՝ հերթական սադրանքը հրահրելու»,- ասաց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին ու մեկնելու է Արցախ: