«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին ապրիլի 23-29-ը բացակայել երկրից։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 25-28 Ստրասբուրգում կայանալու են ԵԽԽՎ լիագումար նիստերը, որին Արմեն Գևորգյանը պետք է մասնակցի։ Պաշտպանը դատարանին է ներկայացրել նաև ԱԺ-ի համապատասխան փաստաթղթերը։ Բացի այդ, Սահակյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել պաշտպանել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։
Այս մասին հայտնում են փաստաբանական խմբից։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այս պահին անձեռնմխելիության հարց չի քննարկվում, և ԵԽԽՎ նախագահի նամակը որևէ առնչություն չունի ներկայացված միջնորդության հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացավ միջնորդությանը, նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ «Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի», – ասաց Օրբելյանը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքեց, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։
Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։