Գերեզմանատան ու գերեզմանատեղի ընտրությունը, հուղարկավորության կազմակերպումը՝ ըստ սահմանված կարգի

Գերեզմանատեղը տրամադրվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կողմից՝ արդեն իսկ ընտրված գերեզմանատանը։
Բոլոր գերեզմանատներն աշխատում են ամեն օր՝ ժամը 9։00-17։00-ն։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառ. մետր մակերեսով (2.5 մ x 1.0 մ)։
Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12.5 քառ. մետր։

Մահվան վկայականի տրամադրումը

Հուղարկավորումը կատարվում է մահվան վկայականի հիման վրա։

Մահվան վկայականը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից՝ դիմումի հիման վրա։
Հասցեն՝ Էրեբունի փող., 6/1 շենք, հեռ. +374 10 439816։

Գրասենյակն աշխատում է ամեն օր, աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-17։00-ն, շաբաթ՝ ժամը 10։00-15։00-ն, կիրակի՝ ժամը 10։00-13.00-ն։
Մահացածի մարմինը հերձելու պարագայում մահվան վկայականը տրամադրվում է ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 715 որոշմամբ սահմանված կարգով՝ մահվան պատճառի մասին պաթոլոգաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրամադրված եզրակացության հիմքով։

Առանց մահացածի մարմնի հերձման՝ մահվան վկայականը կարող է տրամադրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիմքով։

Հուղարկավորության կազմակերպումը

Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ին (Էրեբունի փող., 6/1 շենք) ներկայացնում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնելու մասին սահմանված ձևով հայտարարություն, հանգուցյալի մահվան վկայականը և առաջարկ՝ հուղարկավորության տեղի վերաբերյալ։

Հանգուցյալը հողին է հանձնվում մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, հիմք ընդունելով մահվան վկայականը, համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական։

Ընտանեկան գերեզմանի առկայության պարագայում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում՝ նախկինում տրամադրված գերեզմանի վկայականի հիմքով, որում կատարվում են համապատասխան գրանցումներ։
Նշված գերեզմանի վկայականի բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տրամադրվում է նոր վկայական։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող՝ մահացածին հողին հանձնելու և մատուցվող վճարովի այլ ծառայությունների ցանկը։

Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է։

Գերեզմանատան ընտրությունը կատարվում է համաձայն Երևանի քաղաքապետի 04․09․2017թ․ N 3003-Ա որոշման՝«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ում։
Հասցեն՝ Էրեբունի փող., 6/1 շենք, հեռ. +374-10-439216, +374-10-430062 :
Գրասենյակն աշխատում է ամեն օր. աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00-ն, շաբաթ՝ ժամը 10:00-14:00-ն, կիրակի՝ ժամը՝ 10։00-13.00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել