Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն, բայց Մոսկվան կձգտի հասնել բոլոր առաջադրանքներին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Ես կիսվել եմ իմ գործընկերոջ և ընկերոջ հետ, թե ինչպես են զարգանում բանակցային շփումները ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև: Դրանք լավ չեն ընթանում, բայց մենք կհասնենք նրան, որ այդ բանակցությունների առջև ծառացած բոլոր խնդիրները կատարվեն»,- ասաց նա։
Լավրովը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ շատ գոհ է իր հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներից և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար։
Ռուսաստանի Դաշնությունը կողմ է, որ Բելառուսը շարունակի դերակատարում ունենալ Ուկրաինայի հետ բանակցությունների կազմակերպման գործում։
«Մենք կողմ ենք, որ մեր բելառուս ընկերները շարունակեն դրական դեր խաղալ ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպման գործում: Եվ Բելառուսը հիանալի հարթակ է նման բանակցությունների շարունակման համար»,- ասաց նա։
Նախարարն ընդգծել է, որ այժմ այդ բոլոր հարցերը, ներառյալ երաշխավոր երկրների ամբողջ շրջանակը՝ համաձայնեցվում են։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։