Ռուսաստանը կշարունակի օգնել Հայաստանին ուժեղացնել իր պաշտպանունակությունը և պաշտպանել սահմանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա: Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Մենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից կշարունակենք օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ կողմերը կանդրադառնան նաև ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցության հեռանկարներին։

«Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի մեզ համար առավել կարևոր է մեր գործողությունները համեմատել այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կազմակերպության անդամներին»,- ընդգծել է Լավրովը։

Նա նաև հայտնել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել