ՌԴ-ն մինչև մայիսի կեսերը զիջումների չի գնա. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Նա այս մասին ասել է ուրբաթ RTL ռադիոկայանի եթերում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի: Կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է նա։

Մակրոնի կարծիքով, «առաջիկա շաբաթներին Ռուսաստանից պետք չէ սպասել դիվանագիտական զիջումներ, դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։

Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»:

«Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել