«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երբ նոր էի որոշում կայացրել մասնակցել Աժ-ի վերջին ընտրություններին ինձ հաճախ հարցնում էին, թե ինչո՞ւ եմ նորից որոշել զբաղվել քաղաքականությամբ։ Պատասխանս մեկն էր՝ Հայաստանում առկա խնդիրներն ու մարտահրավերները ինձ ստիպեցին վերադառնալ, կարծում եմ սա յուրաքանչյուր իրեն հարգող հայ կաներ։ Այսօր, երբ վերջին ընտրություններին իմ մասնակցությունը՝ որոշ ուժերի թեթև ձեռքով տապալվեց, ինձ կրկին հարցնում են, ինչո՞ւ չհանձնվեցի, ինչո՞ւ եմ նորից փորձում մտնել քաղաքականություն, պատասխանս այս անգամ էլ չի փոխվել, որովհետև Հայաստանում դեռ առկա են բազմաթվ խնդիրներ ու մարտահրավերներ, իսկ իրեն հարգող յուրաքանչյուր հայ՝ պարտավոր է չհանձնվել։
Մենք պետք է պահպանենք հայի տեսակը, լինենք պաշտպանված և վստահ մեր ապագայի նկատմամբ, իսկ դա հնարավոր է՝ ունենալով հզոր պետություն և ամրացնելով մեր սահմանները։ Մենք պետք է ուժեղանանք ներսում, ժամ առաջ պետք է գտնենք բոլոր հարցերի պատասխանները, պետք է կարողանանք միավորել մեր մտավոր սերուցքը, մեր երիտասարդների ուժն ու կարողությունը։
Մարզերում ակտիվ մեր հայրենակիցներին, սփյուռքում ուժեղ մեր ժողովրդին, մենք պարտավոր ենք հնարավորություն տալ կայացնել որոշումներ, զինվել գիտելիքով, ուժով և գործել։ Հենց այս բոլոր նպատակների իրականացման համար ես հիմնել եմ նոր կուսակցություն «Ուժը Հայրենյաց»։ Հենց այստեղ է հավաքված և հավաքվելու հզոր Հայաստանի ներկան և ապագան։
Մենք պայքարելու ենք հանուն արժանապատիվ ներկայի և ամուր ապագայի, իսկ ես օգտագործելու եմ իմ հսկայական փորձը, որպեսզի էլ ավելի մեծացնեմ ներդրումային հոսքը դեպի Հայաստան։
Ես վստահ եմ, որ ոչ թե առանձին, այլ միասին կերտելու ենք մեր հզոր Հայաստանը, մենք կուժեղանանք այնքան, որ մի օր նորից Հայաստանը կդառնա ծովից ծով։
«Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության համագումարը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 11-30-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում»,- նշված է հայտարարության մեջ։