Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Նիդերլանդների խորհրդարանում՝ ասել է, որ ուկրաինական պատերազմն աշխարհի համար սովորական է դառնում։
«36 օր։ Ահա թե որքան ժամանակ է մեր պետությունն ու մեր ժողովուրդը դեմ առ դեմ աշխարհի ամենաուժեղ կոչվող բանակի դեմ։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պատրաստվում էր մեր դեմ պատերազմի, ընդդեմ ազատության։ Նրանք մահաբեր ռեսուրսներ են կուտակում։ Եվ հիմա ռուսական այս ռեսուրսներն աշխատում են ամբողջ հզորությամբ: Որքան էլ դա սարսափելի թվա, մարդիկ արդեն սկսում են ընտելանալ դրան։ Ավերված տների, գնդակոծված քաղաքների մասին ամենօրյա հաղորդագրություններն այլևս զգացմունքներ չեն առաջացնում: Շատերի համար Ուկրաինայում պատերազմը սովորական է դառնում: Ցավոք սրտի դա ճիշտ է»,- հավելեց նա։
Միաժամանակ, ըստ նրա, ոմանց համար այս ամենն արդեն «առօրյա է դառնում, որի վրա նույնիսկ չարժե ուշադրություն դարձնել»։
«Մենք հիմա այն պահին ենք, երբ աշխարհը պետք է գործի նույնիսկ ավելի արագ, քան պատերազմի առաջին ամսում, երբ Եվրոպայի և ամբողջ աշխարհի ժողովուրդները տեսան, թե ինչ է անում Ռուսաստանը, և բոլորը լցվեցին օգնելու ցանկությամբ։ Մենք իրավունք չունենք այս պատերազմին ևս 36 օր տալ: Մենք բոլորս միասին պետք է ստիպենք Ռուսաստանին փնտրել խաղաղություն որքան հնարավոր է շուտ»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։