ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում:
Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարեւորվել է խաղաղության օրակարգի սատարումը:
Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաեւ ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի եւ Օշի, ինչպես նաեւ Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջեւ փոխանակման առաջիկա ծրագրերը: