Դատարանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկման, տուգանքի՝ 700 հազար դրամի չափով և ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Առուշանյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։

Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 113-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։

Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել