«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը բաց նամակ է հղել, որում ասվում է.
«Ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից, առավել՝ պայմանավորված Արցախում հասունացող հումանիտար աղետով, գիտակցելով, թե որքան ծանր մարտահրավերների առաջ է կանգնել մեր պետությունը, «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը պասիվացրել էր իր հանրային գործունեությունը՝ թողնելով հրատապ հարցերի բազմակի վերհանումը մինչև «ավելի լավ» ժամանակների:
Սակայն այսօր շատ լավ գիտակցում ենք, որ հումանիտար աղետի առաջ կանգնած են ոչ միայն Արցախում ապրող մեր հայրենակիցները, այլ նաև 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստան գտած արցախցիները:
Չենք ուզում այսօր անդրադառնալ ՀՀ կառավարության տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին տեղահանվածների համար ոչ բարենպաստ որոշմանը, նրանց կարգավիճակ տրամադրելու հարցին և նմանատիպ այլ հրատապ լուծումներ պահանջող հարցերին:
Այսօր մենք անդրադառնում ենք բանկերում խնդիրներ ունեցող տեղահանվածների հարցերին, քանի որ նրանք այդ խնդիրների պատճառով չեն կարողանում նույնիսկ աշխատանքի ընդունվել: Բանկերը, շարունակելով վարկերի վրա տույժ ու տուգանքներ ավելացնելը , ժամանակ առ ժամանակ «խժռում են» նույնիսկ երեխաներին տրամադրվող նպաստներն ու աջակցության գումարները:
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
ՀՀ Վարչապետ՝ Ն․Վ․ Փաշինյանին
ԱՀ Նախագահ՝ Ա․ Վ․ Հարությունյանին
ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահ՝ Մ․ Ա․ Գալստյանին
ԱՀ ՄԻՊ Գ․ Ստեփանյանին
ՀՀ ՄԻՊ Ք․ Գրիգորյանին
Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Է․ Գրիգորյանին
Հարգելի իրավասու պաշտոնյաներ,
2020 թ-ի 44-օրյա արցախյան պատերազմից հետո հազարավոր արցախցիներ տնազրկվեցին՝ առանց ապրելու տարրական միջոցների, առանց աշխատանքի։
Քաշաթաղից բռնի տեղահանվել է մոտ 11 000 բնակիչ, որոնց մի մասը վերադարձել է Արցախ, իսկ մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ տարբեր մարզերում։ Վերջիններս՝ հայտնվելով նոր իրավիճակում, ի զորու չեն արժանապատիվ ապրել, հոգալ իրենց ամենօրյա կարիքները։ Սրան գումարվում են նաև տարբեր նպատակներով վարկային պարտավորություններ ստանձնած նրանց խնդիրները։
Ըստ ԱՀ Կառավարության 17․ 03․ 2021 թ․ թիվ 222 որոշման, ԱՀ Կառավարությունը աջակցեց քաղաքացիներին որոշակի չափով մարել մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ը վերցրած վարկերը, սակայն մարվեցին ոչ բոլոր քաղաքացիների վարկերը և վարկերի ոչ ամբողջական գումարը, ինչի հետևանքով այդ գումարներին ավելացել են ամենամսյա տոկոսներ և տուգանքներ։
Անհրաժեշտ ենք համարում առանձնացնել ՎՏ բանկի շահառուներին ( մոտ 100 շահառու միայն Քաշաթաղից), ովքեր հայտնվել են առավել ծանր իրավիճակում, քանի որ նրանք չեն օգտվել աջակցության ծրագրից։ Ավելին՝ գրանցվել են դեպքեր, երբ վարկային պարտավորություն ունեցող արցախյան պատերազմում զոհված կամավորականի վարկային պարտքը վերաձևակերպվել է ընտանիքի անդամի վրա՝ առանց նրան տեղյակ պահելու։
ՎՏ բանկի շահառուները ներգրավվել են դատական պրոցեսներում ՎՏԲ-ի կողմից և այժմ նրանց գործերը փոխանցվել են ԴՀԱԿ։
Ելնելով վերը նշվածից, հորդորում ենք բոլոր իրավասու մարմիններին պատշաճ քայլեր ձեռնարկել չեղարկելու ԱՀ-ից տեղահանված բոլոր քաղաքացիների բոլոր բանկերում և բանկային կազմակերպություններում կուտակված վարկային պարտավորությունները և մաքրելու նրանց վարկային պատմությունը։
Ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծումը»։