Հետո ինքն իր գազատարը կգցի դեպի Ստեփանակերտ. իրավաբան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու էր Բաքուն տարիներով օգտագործում իրավունքի տված հնարավորությունները՝ քայլ առ քայլ սեփական նպատակին հասնելու համար։

Հիմա էլ կրկին իրավունքն է մեջբերում՝ վայրահաչելով, թե դեպի Արցախ գազատարը (հետո՝ նաև էլեկտրական գծերը և այլ ենթակառուցվածներ) ապօրինի է կառուցվել։ Այս բառապաշարով փորձելու է դրսում համոզել, որ ամբողջ աշխարհում հռչակած իրավունքի գերակայությունն իրեն ստիպում է դա փակել։ Հետո ինքն իր գազատարը կգցի դեպի Ստեփանակերտ։ Աշխարհն էլ լուրջ դեմքով կքննարկի հարցը ու էլի կողմերին «համագործակցության» կոչ կանի։
Իսկ մենք, «ուժն է ծնում իրավունքը» ասելով, ո՛չ ուժի վրա աշխատեցինք, ո՛չ իրավունքի, արդյունքում երկուսից էլ զրկվեցինք։

Ամեն դեպքում, ուշ չի, որ գոնե հիմա խելքի գանք ու երկուսուկես տասնամյակից ավել մսխած իրավական հնարավորությունները պատշաճ օգտագործենք։

Օրինակ՝ ՄԱԿ֊ի Արդարադատության միջազգային դատարանում առկա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում գազատարի աշխատանքի խոչընդոտումը ներկայացնենք որպես ռասսայական խտրականության և էթնիկ զտման քաղաքականության հերթական ակտ՝ խնդրելով դատարանից, որպես միջանկյալ միջոց, պարտավորեցնի Բաքվին դադարեցնել Արցախի բնակչության իրավունքի շարունակական խախտումը։

Օրինակները շատ են, բայց մենք էլի խնդրի լուծման հարմար տարբերակի ենք սպասում՝ «աստվածների կամքին» …

Հ.Գ. Ուժն իհարկե իրավունք է ծնում, բայց իրավունքն էլ հիմքեր է տալիս ուժ ունենալու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել