Պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացը պետք է հստակեցվի, սահմանվեն ֆինանսական առողջացմանը նպաստող կայուն մեխանիզմները

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը վերաբերում է սնանկության ոլորտի բարեփոխումներին։

Ռազմավարության շրջանակում նախատեսված է պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացի հստակեցում։

Նախատեսված է նաև ֆինանսական առողջացմանը նպաստող կայուն մեխանիզմների սահմանում։

Պրակտիկայի վերլուծությունը վկայում է ֆինանսական առողջացման ինստիտուտի նվազ արդյունավետության մասին. գործնականում սնանկության գործընթացում գտնվող ընկերությունների մեծամասնություններն անմիջապես անցնում են լուծարման գործընթացի:

Սնանկության ոլորտում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ սնանկության վարույթի ընթացքում պարտապանների 10% ցանկացել են ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր  և ներկայացրել են, 18% ցանկացել են, սակայն չեն ներկայացրել, 72%` չեն ցանկացել ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր: Հատկանշական է, որ այս հարցում պատկերն էական տարբերվում է՝ կախված հարցվողի կարգավիճակից. ֆիզիկական անձանց ավելի բարձր տոկոսը չեն ցանկացել ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր՝ 77.2%, համեմատած իրավաբանական անձանց՝ 63.6%: Միևնույն ժամանակ, իրավաբանական անձանց էապես ավելի բարձր տոկոսն է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր՝ 16.8%, համեմատած ֆիզիկական անձանց 5.7%:

Այս առումով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ֆինանսական առողջացման գործիքակազմի գրավչությունը բարձրացնելու համար՝ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ֆինանսական առողջացման ծրագրերի իրականացումը խթանող գործիքակազմ ներդնելու (օրինակ՝ ֆինանսական առողջացման ծրագրերի հաստատման դեպքում սնանկության կառավարիչների վարձատրության և պարգևավճարների ճկուն մեխանիզմներ), երկրի տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններին համապատասխան ընկերությունների ֆինանսական առողջացմանը պետության օժանդակության ապահովման, առողջացման ծրագրի ձևանմուշների մշակման, սնանկության կառավարիչների, դատավորների և շահագրգիռ անձանց համար համապատասխան դասընթացների կազմակերպման միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել