Թեև ոչ հաճախ, բայց լինում են դեպքեր, երբ ակամայից գտնում եք որևէ իր: Ի՞նչ անել:
Կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որևէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը և վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները և կրում է նրա պարտականությունները:
Եթե գույքը վերադարձնելու պահանջի իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին:
Գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին:
Արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, կարող է գույքը գտնողն իրացնել` ձեռք բերելով հասույթի գումարը հավաստող գրավոր ապացույցներ: Գտնված գույքի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:
Գույքը գտնողը, գույքի արժեքի սահմաններում, պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար միայն մեղքի առկայության դեպքում: