«Այս պահին մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է, գնում են Ներքին Հանդ, տեղում ծանոթանալու և իրավիճակն ուսումնասիրելու համար: Խմբի առջև դրված է նպատակ, խնդիր՝ հասկանալու բնակիչների կյանքի, պայմանների, անվտանգության հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ են առկա: Այս ընթացքում կապի մեջ ենք եղել նաև պաշտպանական գերատեսչության: Այս ուսումնասիրությունների արդյունքում բնական է, որ մեր հետևությունները կհրապարակենք»,-այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
Նա նշեց, որ պլանավորում է այցելել Սյունիք ապրիլի սկզբին:
«Այս ընթացքում կոնկրետ ավելի ըստ էության այցի բովանդակության և թիրախավորման վերաբերյալ մենք ուսումնասիրություններ ենք կատարում: Տեղեկատվություններ եմ հավաքում մեր բազային ստորաբաժանումից»,-ասաց ՄԻՊ-ը:
Ավելի վաղ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: