Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,-նշվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ մարտի 8-ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել